Հույզերի դասակարգումը:
Չնայած իրենց ընդհանրությունների, հույզերը տարբերվում են որոշակի չափանիշներով: Համաձայն այդ չափանիշների իրականացվում է հույզերի դասակարգումը: Գործունեության ակտիվության որոշման տեսնակյունից տարբերակվում են հույզերի սթենիկ և ասթենիկ տարատեսակները: Սթենիկ հույզերը նպաստում են գործունեության ակտիվացմանը, անհատին տալիս են ուժ, եռանդ, ինքնավստահություն, հաստատակամություն: Որպես սթենիկ հույզեր կարելի է նշել ցասումը, հպարտությունը: Ասթենիկ հույզերը թուլացնում են կամքը, առաջ են բերում ընդհանուր պասիվություն: Ասթենիկ հույզերի թվին են պատկանում ամոթը, վիշտը, վախն իր որոշ դրսևորումներով:
Հույզերի դասակարգման երկրորդ չափանիշը դրանց հիմքերում ընկած պահանջմունքների բնույթն է: Կախված այն հանգամանքից, թե ինչպիսի պահանջմունքների բավարարման տեսնակյունից է գնահատվում իրավիճակը, առանձնացվում են կենսաբանական (ցածրագույն) և հոգևոր (բարձրագույն) հույզեր: Կենսաբանական հույզերն առաջանում են, երբ իրավիճակը գնահատվում է կենսաբանական պահանջմունենրի (քաղց, ծարավ, սեռական պահանջմունք և այլն) տեսանկյունից: Հույզերի այս տարատեսակը հատուկ է բարձրակարգ կենադանիներին: Բարձրագույն հույզերը հոգևոր պահանջմունքների (հասարակական, բարոյական, իմացական, գեղագիտական) հետ կապված հույզեր են: Հույզերի այս տարատեսակը հատուկ է միայն մարդակնց:
Հույզերի դասակարգման երրորդ չափանիշը պահանջմունքների բավարարման հետ կապված անհատի սուբյեկտիվ ապրումների բնույթն է: Այս չափանիշով առանձնացվում են բացասական և դրական հույզեր: Բացասական հույզերը դրսևորվում են անբավարարվածության դեպքում, տհաճ ապրումների (ատելություն, հակակրություն), դրականները` բավարարվածության պարագայում, հաճելի ապրումների (ուրախություն, համակրանք) տեսքով:
Եվ վերջապես, հույզերի դասակարգման չորրորդ չափանիշը դրանց նյարդաֆիզիոլոգիական հիմնավորվածության չափանիշն է: Այս տեսանկյունից առանձնացվում են հիմնային և երկրորդական հույզեր: Հիմնային հույզերն ունեն կոնկրետ նյարդաֆիզիոլոգիական հիմք և համապատասխան արտաքին դրսևորումներ: Երկրորդական հույզերն առաջ են գալիս հիմնային հուզերի հիմքի վրա և կրկնում են նրանց դրսևորումները: Օրինակ` տխրությունը հիմնային է, իսկ թախիծը դրանցի բխող երկրորդական հույզ է:
Ի տարբերություն հույզերի, որոնք ունեն անմիջական, իրադրական բնույթ, զգացմունքները հարաբերականորեն հարատև են և արտահայտում են անհատի կայուն հուզական վերաբերմունքը որևէ երևույթի, իրի, մեկ այլ անհատի հանդեպ: Զգացմունքների արտաքին, ֆիզիոլոգիական դրսևորումներն առավել թույլ են արտահայտված: Դրանք ավելի շատ հասարակական, քան ֆիզիոլոգիական բնույթի են, կապված են մարդու հասարակական պահանջմունքների հետ: Կախված առարկայից` առանձնացվում են
ինտելեկտուալ զգացմունքներ – արտահայտում են անհատի հուզական կայուն վերաբերմունքը իմացական գործընթացի, դրա հաջող կամ անհաջող ընթացքի հանդեպ:
բարոյական զգացմունքներ – արտահայտում են անհատի հուզական կայուն վերաբերմունքն այլ անհատի, անհատների, կամ հասարակության նկատմամբ:
գեղագիտական զգացմունքներ – արտահայտում են անհատի հուզական կայուն վերաբերմունքը կյանքի փաստերի հանդեպ, դրանց գեղագիտական արժեքի տեսանկյունից:
Վարքի կարգավորման գործառույթ
ԿԱՄԱՅԻՆ ՈԼՈՐՏ
Կամքը ներքին և արտաքին արգելքները հաղթահարելու միջոցով դեպի գիտակցաբար ընտրված նպատակը շարժվելու ընդունակություն է: Վարքի գիտակցական կարգավորումն իրականանում է հենց կամքի միջոցով:
Կամային գործողությունները կարող են իրականանալ պարզ և առավել բարդ ձևերով: Պարզ կամային գործողությունները, հիմնականում, կատարվում են ավտոմատաբար, երբ նպատակադրման փուլին անմիջապես հաջորդում է նպատակի իրականացման փուլը: Բարդ կամային գործողության դեպքում նպատակադրման և իրականացման փուլերի միջև ընկած են մի քանի միջանկյալ փուլեր: Բարդ կամային գործողության փուլերն են` նպատակադրում,նպատակի գիտակցում – նպատակին հասնելու միջոցների, հնարավորությունների կշռադատում – այդ իսկ հնարավորություններն ամրապնդող կամ մերժող մոտիվների առաջացում – մոտիվների պայքար և ընտրություն – վերջնական որոշման ընդունում – դրված նպատակի իրականացում: Կամային գործընթացներում մեծ է հույզերի ազդեցությունը. դրանք կարող են արգելակել կամ խթանել կամային գործողությունների ընթացքը:
Անհատի գործունեության արդյունավետությունն անմիջականորեն կապված է նրա կամային ոլորտի առանձնահատկություններից: Դրանք որոշում են ինչպես կատարվող գործողությունների ուժաբանական, այնպես էլ բվանդակային կողմերը: Անձի առավել հաճախ հանդիպող կամային որակներն են`
նպատակասլացությունը – սեփական գործողությունները դրցած նպատակին ծառայեցնելու ընդունակություն,
համառություն – երկարատև դժվարությունները հաղթահարելու համար սեփական ուժերի կենտրոնացման ընդունակություն,
զսպվածություն – նպատակադրմանը հասնելուն խանգարող գործողությունները, զգացմունքները, հույզերն ու մտքերը զսպելու ընդունակություն,
հաստատակամություն – արագ, հիմնավորված որոշումներ ընդունելու և դրանք ի կատար ածելու ընդունակություն
նախաձեռնողականություն – անհրաժեշտ գործողություններ նախաձեռնելու ընդունակություն,
ինքնուրույնություն – սեփական համոզմունքներին և հայացքներին հավատարիմ մնալու ընդունակություն,
կազմակերպվածություն - սեփական գործողությունների պլանավորման և կարգավորման ընդունակություն,
կարգապահություն – սեփական վարքը ընդունված նորմերին համապատասխանեցնելու ընդունակություն,
քաջություն – նպատակին հասնելու համար վախերն ու տագնապները հաղթահարելու, առկա վտանգը անտեսելու ընդունակություն,
կատարողականություն – ճշգրտորեն և ժամանակին իր առջև դրված խնդիրները կատարելու ընդունակություն:
Կամայանի հատկությունների ձևավորումը մեծապես կախված է դաստիարակությունից: Ներգրավվելով կրթական գործունեության մեջ երեխայի մոտ աստիճանաբար զարգանում են ինքնակարգավորման մեխանիզմները: Գործելով ընդհանուր ռեժիմով և գրաֆիկով, ենթարկվելով որոշակի կանոնների արդեն իսկ կրտսեր դպրոցական տարիքում երեխայի մոտ նկատվում է սեփական վարքի գիտակցական կարգավորում: Սկսած 13-14 տարեկանից` երեխայի մոտ ձևավորվում և կայունանում են կամային առանձնահատկությունները:
Կամքի ախտահարումները: Կամային որակների բացակայությունը կամ չափազանց արտահայտվածությունը հանգեցնում է կամային կարգավորման գործառույթի խանգարմանը: Որպես կամային ոլորտի խանգարումները առանձնացվում են`
Անկամություն – ընդհանուր առմամբ չի դիտարկվում որպես կամքի ախտաբանական տարատեսակ, քանի-որ հանդիպում է նաև հոգեպես առողջ մարդկանց մոտ և կարող է դրսևորվել հանգամանքների ազդեցությամբ, լինել սխալ դաստիարակության արդյունք: Բնութագրվում է անհատի կամային հատկությունների անբավարարությամբ, հաստատակամության բացակայությամբ, ընդունված որոշումներն ի կատար ածելու անկարողությամբ:
Աբուլիա – ցանկությունների, ձգտումների, գործունեության խթանիչների ախտաբանական բացակայություն: Առաջանում է գլխուղեղի ճակատային մասերի զանգվածային ախտահարման դեպքում:
Հիպերբուլիա - կամային ակտիվության ախտաբանական բարձրացում, բնութագրվում է գործունեության ընթացքում կամքի անտեղի գերիշխմամբ:
Հիպոբուլիա – հոգեկանի ախտաբանական վիճակ, որը բնութագրվում է ցանկությունների և գործունեության խթանիչների թուլացմամբ:
Պարաբուլիա - կամքի ախտաբանական դրսևորում, բնութագրվում է սկսված գործողություններն անավարտ թողնելու երևույթով:
Հաղորդակցում և խոսք
Մարդկային գործունեության անքակտելի մասն է կազմում հաղորդակցումը: Լինելով հասարակական էակ, մարդն իրականացնում է հասարակական բազմաթիվ փոխհարաբերություններ, որոնց անհրաժեշտ պայման է հանդիսանում փոխհասկացումը: Մարդկային հասարակության պատմական զարգացման ընթացքում ձևավորվել են որոշակի ընդհանուր արտահայտչական միջոցներ, որոնք ստեղծում են հասարակության անդամների կողմից փոխհասկացման հնարավորություն:
Հաղորդակցական գործընթացը ենթադրում է որոշակի կառուցվածքային տարրերի առկայություն, որոնցով որոշվում է հաղորդակցական գործողության կառուցվածքը: Հաղորդակցության կառուցվածքային տարրերն են` հաղորդողը (տրանսլյատոր կամ կոմունիկատոր), հաղորդագրությունը, հաղորդագրության փոխանցման ուղին կամ միջոցը, հաղորդման հասցեատերը (ռեցիպիենտ):
1.ինֆորմացիայի փոխանակում – իրականանում է հասարակական հարաբերությունների ընթացում: Կարող է լինել անմիջական (երբ զրուցակիցները հաղորդակցվում են անմիջականորեն) և միջնորդավորված (երբ զրուցակիցները բաժանված են տարածության և ժամանակի որոշակի ատվածով):
2.ներհոգեկան բովանդակությունների արտահայտում – իրականանում է հասարակական մակարդակում, սեփական մտքերի, ապրումների, կարծիքների, դիրքորոշումների ներկայացման ձևով:
3. նշանակման գործառույթ – իրականանում է մտածական մակարդակում, որպես առանձին երևույթների, առարկաների, իրերի նշանակում համապատասխան հասկացություններով: Հանդիսանում է բոլորի համար ընդհանուր և հասկանալի հասկացությունների ձևավորման կարևոր օղակ:
4. ընդհանրացման գործառույթ – առանձին հասկացությամբ բնական երևույթների, իրերի, առարկաների ամբողջ դասի նշանակումն է, որի միջոցով հնարավոր է դառնում մտածական գործունեությունը:
Չնայած այն հանգամանքին, որ տվյալ հասարակության մեջ ընդունված խոսքային կառույցները, խոսքի միավորներն ընդհանուր են հասարակության բոլոր անդամների համար, այդուհանդերձ, յուրաքանչյուր անհատի խոսք բնութագրվում է որոշակի յուրահատկություններով, որոնք որոշում են նրա խոսքի ուժաբանական և բովանդակային որակները: Այս առումով առանձնացվում են խոսքի հետևյալ որակները`
1. խոսքի բովանդակայնություն – արտահայտում է խոսքի մեջ ներկայացվող մտքերի ծավալը, կախված է խոսեցողի պատրաստվածությունից:
2. խոսքի հասկանալիություն - արտահայտում է ունկնդիրների կողմից խոսքի բովանդակության ըմբռնման, հասկացման աստիճանը, կախված է ունկնդիրների պատրաստվածության մակարդակի և խոսքի բովանդակության համապատասխանության աստիճանից:
3. խոսքի արտահայտչականություն – արտահայտում է խոսքի հուզական հագեցվածության մակարդակը, դրսևորվում է ինտոնացիայի և շեշտադրությունների միջոցով:
4. խոսքի ազդեցիկություն – արտահայտում է ունկընդիրների մտքերի, զգացմունքների և գործողությունների վրա ունեցած ազդեցությունը:
Խոսքի տարատեսակները: Կախված խոսքի ուղղվածության, խոսքային գործունեության մեջ ներգրավված կողմերի քանակության և արտահայտման ձևերի բնույթից տարաբաժանվում են խոսքի հետևյալ տարատեսակները`
ըստ ուղղվածության`
արտաքին – խոսքն ուղղված է մեկ այլ անձի, ստանում է արտաքին դրսևորում
ներքին – խոսքն ուղղված է հենց խոսողին, չի ստանում որևէ արտաքին դրսևորում,
ըստ արտահայտման ձևի`
բանավոր – իրականանում է խոսքային կառույցների, մտքերի արտասանման միջոցով,
գրավոր – իրականանում է խոսքային կառույցների, մտքերի գրառման, պատկերման միջոցով,
աֆեկտիվ – իրականանում է հույզերի արտահայտման, մեծամասամբ բացականչությունների և ձայնարկությունների միջոցով,
ըստ խոսքային հաղորդակցման մեջ ներգրավված կողմերի քանակության`
մենախոսություն (մոնոլոգ) - խոսքն ուղղված է հենց խոսողին: Ի տարբերություն ներքին խոսքի, ստանում է արտաքին (գրավոր կամ բանավոր) արտահայտություններ,
երկխոսություն (դիալոգ) – խոսքն ուղղված է որևէ ունկնդրի (կամ ունկընդիրների), խոսքային հաղորդակցման բոլոր մասնակիցներն ակտիվ են և խոսում կամ ունկնդրում են հերթականությամբ,
բազմախոսություն (պոլիլոգ) – խոսքն ուղղված է որևէ ունկնդրի (կամ ունկընդիրների), խոսքային հաղորդակցման մասնակիցները խոում են միաժամանակ,
հռետորական խոսք – նման է մենախոսությանը, սակայն այս դեպքում հասցեատերն անորոշ է կամ ընդհանրապես բացակայում է:
Ոչ վերբալ հաղորդակցումն իրակականում է միմիկայի (դիմաշարժ), պանտոմիմիկայի և ժեստերի միջոցով: Ոչ վերբալ հաղորդակցում կարող է իրականանալ նաև խոսքի ընթացքում, երբ կարևորվում են ոչ թե խոսքի իմաստային, այլ հնչունային, ձայներանգային որակները: Այս առումով կարևորվում են ձայնի բարձրությունը, խոսքի տեմպը, ընդհատումները, շեշտադրումները, ելևէջները: Ոչ վերբալ հաղորդակցման միջոցներ են նաև լացը, ծիծաղը:
Յուրաքանչյուր հասարակություն, հասարակական խումբ ունի հաղորդակցման մշակված, բոլորի կողմից ընդունված և հասկանալի միջոցներ: Ընդ որում, այդ միջոցները կարող են ունենալ ինչպես խոսքային (վերբալ), այնպես էլ ոչ խոսքային (ոչ վերբալ) բնույթ: Ըստ այդմ, տարաբաժանվում են հաղորդակցման վերբալ և ոչ վերբալ տարատեսակները:
Վերբալ հաղորդակցումն իրականանում է խոսքային կառուցների միջոցով, խոսքային գործունեության ընթացքում: Խոսքային գործունեությունը որոշիչ դերակատարում ունի ինչպես հասարակական (հասարակական փոխհարաբերություններ), այնպես էլ ներքին (մտածական գործունեություն) ակտիվության ընթացքում: Խոսքային գործունեությունը հնարավոր է դառնում լեզվի, դրա առանձին միավորների` բառերի, դրանց համադրությունների` բառակապակցությունների և նախադասությունների միջոցով:
Խոսքի միջոցով իրականացվում է փորձի փոխանակում, իրական երևույթների նշանակում և ընդհանրացում, սեփական մտքերի և ապրումների արտահայտում: Ըստ այդմ տարբերակվում են խոսքի հետևյալ գործառույթները`
Անձի անհատական առանձնահատկություններ
Խառնվածք
Հոգեկան գործընթացների և վիճակների դրսևորումները, դրանց ուժաբանական և բովանդակային արտահայտություններն անմիջականորեն կախված են անձի անհատական առանձնահատկություններից: «Անհատական հոգեկան առանձնահատկություններ» հասկացությամբ նշանակվում են անհատի հոգեկանի կայուն, հաստատուն, կրկնվող դրսևորումները, հոգեկան գործընթացների ուժաբանական առանձնահատկությունները, անհատի վերաբերմունքը շրջապատող աշխարհի երևույթների նկատմամբ: Դրանց միջոցով յուրաքանչյուր առանձին անհատ տարբերվում է իր վարքային դրսևորումներով, գործունեության ուղղվածությամբ, հակազդեցությունների յուրատիպությամբ:
Անձնային առանձնահատկությունները դրսևորվում են երկու հարթություններում: Մի դեպքում, երբ դրանց միջոցով արտահայտվում են վարքային դրսևորումների յուրահատկությունները, կենսամիջավայրի պայմաններին ցույց տրվող հակազդեցությունների ուժաբանական և բովանդակային առանձնահատկությունները, խոսքը խառնվածքի և բնավորության մասին է: Անձնային առանձնահատկությունների դրսևորման երկրորդ մակարդակը կապված է անձի զարգացման հնարավոր ուղղվածության, զարգացման ներուժային հնարավորությունների հետ, որոնք նկարագրվում են ընդունակությունների և հմտությունների միջոցով: Ընդ որում, հարկ է հիշել, որ անձնային առանձնահատկությունները կարող են լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին առանձնահատկությունները հարաբերականորեն հաստատուն են և չեն փոփոխվում շրջակա միջավայրի ազդեցություններից: Ի տարբերություն դրանց, ձեռքբերովի առանձնահատկությունները ձևավորվում են անձի անհատական զարգացման ընթացքում, նրա կենսագործունեության արդյունքում և կարող են ձևափոխվել որոշակի ազդեցությունների հետևանքով: Սովորաբար, որպես բնածին անհատական առանձնահատկություններ դիտարկվում են խառնվածքն ու ընդունակությունները: Բնավորությունն ու հմտությունները համարվում են ձեռքբերովի:
Խառնվածքը (լատ. temperamentum – համահարաբերական խառնուրդ, խառնվածք) անձի գործունեության ու վարքի ուժաբանական և հուզական կողմերը բնութագրող անհատական յուրահատկությունների ամբողջությունն է: Անձի ուժաբանական առանձնահատկությունները առավել կայուն և հաստատուն են այլ հոգեբանական յուրահատկությունների համեմատությամբ: Դրանք բնութագրվում են հոգեկան գործընթացների և վիճակների ինտենսիվության աստիճանով, դրանց ընթացքի արագությամբ, տեմպով, ռիթմով, ինչպես նաև իմպուլսիվությամբ (բռնկունությամբ): Խառնվածքի հիմնական բաղադրիչներն են` ընդհանուր հոգեբանական ակտիվությունը, շարժողականությունը, հուզականությունը: Խառնվածքի յուրահատկություններով են պայմանավորվում անձի հակազդեցությունները որոշակի իրավիճակներին: Այդուհանդերձ, պարտադիր չէ, որ միևնույն խառնվածքով մարդիկ նույն պայմաններում գործեն միևնույն կերպ:
Խառնվածքների տարբերակման առաջինը հայտնի տեսությունը խառնվածքների հումորալ (լատ. humor – հեղուկ, հյութ) տեսությունն է (առաջ է քաշվել Հիպոկրատի, մ.թ.ա. V դ. և Գալենի, մ.թ.ա. II դ. կողմից), որտեղ կարևորվում է օրգանիզմում չորս հիմնական հեղուկների` արյան (լատ. sanguis, սանգվե), ավիշի (լատ. phlegma, ֆլեգմա), մաղձի (լատ. chole, խոլե) և սև մաղձի (լատ. melan chole – մելան խոլե) բաղադրությամբ: Երկրորդը կառուցվածքային (կոնստիտուցիոնալ) տեսությունն է (հեղինակներ` Կրեչմեր, Շելդոն, 20-րդ դար, 20-40-ական թվականներ), որտեղ խառնվածքի առանձնահատկությունները կապվում են օրգանիզմի կառուցվածքային առանձնահատկությունների (դրա ֆիզիկական կառուցվածքի, մարմնի առանձին մասերի հարաբերակցման) հետ: Երրորդ տեսության մեջ (Պավլով) կարևորվում է կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը: Ներկայումս առաջին երկու տեսություններն ունեն զուտ պատմական նշանակություն, այդուհանդերձ, հումորալ տեսության կողմից ընդունված տերմինաբանությունը շարունակում է մնալ որպես խառնվածքների դասակարգման միջոց:
ԽԱՌՆՎԱԾՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Խառնվածքների հումորալ տեսության մեջ առանձնացվում են չորս հիմնական տիպեր (համաձայն որոշ աղբյուրների նախասկզբնական տեսքով այն ներառել է 9 կամ 13 տիպեր, որոնցից միայն չորսն են հետագայում ընդհանրացվել և պահպանվել): Այդ տիպերն են` սանգվինիկ, , ֆլեգմատիկ խոլերիկ, մելանխոլիկ :
Սանգվինիկ – աչքի է ընկնում ակտիվության, գործունակության բարձր մակարդակով, շարժումների արագությամբ և աշխուժությամբ, դիմախաղի (միմիկայի) հարստությամբ և բազմազանությամբ, խոսքի արագ տեմպով: Սանգվինիկները ձգտում են տպավորությունների արագ փոփոխությունների, հեշտությամբ և արագ կերպով արձագանքում են շրջակա իրադարձություններին, հաղորդակցվող են: Հույզերը հիմնականում դրական են, արագությամբ առաջանում և փոփոխվում են: Անհաջողություններն ապրում են համեմատաբար արագ և հեշտությամբ: Անբարենպաստ պայմաններում և ոչ ճիշտ դաստիարակության հետևանքով կարող են զարգանալ ցրվածություն, շտապողականություն, մակերեսայնություն: